Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հանձնարարականների «թանաքը դեռ չչորացած»...

Հանձնարարականների «թանաքը դեռ չչորացած»...
15.07.2008 | 00:00

«ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԸ ՀԱՍՑՐԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ»
«Վերջին տարիների կառուցապատումը հսկայական ազդեցություն և դրական արդյունք ունեցավ մայրաքաղաքի համար, ինչը ես չափազանց կարևորում եմ։ Համարում եմ, որ կառուցապատման աշխատանքները նոր տեսք տվեցին Երևանին, հասցրին զարգացման նոր փուլի»,- օրերս Երևանի քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
Երեկ, նախագահի այցից հինգ օր անց, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրագրողներին հրավիրել էր կիսամյակն ամփոփող ավանդական ասուլիսին՝ հընթացս ներկայացնելով նաև երկրի ղեկավարի հանձնարարականները կյանքի կոչելու ուղղությամբ քաղաքային իշխանությունների արդեն իսկ ձեռնարկած և առաջիկայում ձեռնարկելիք քայլերը։
Նշելով, որ 2008 թվականի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ կատարել է ՀՀ պետական բյուջեով կապիտալի գործառնություններից նախատեսված մուտքերը, իսկ համաքաղաքային նշանակության ծախսերին ամրագրված եկամուտները հավաքագրվել են 105,6 տոկոսով, քաղաքապետը ոլորտ առ ոլորտ հանգամանորեն ներկայացրեց 2008-ի սոցիալ-տնտեսական ծրագրով նախատեսված աշխատանքները՝ տոկոսային և գումարային ցուցանիշերով։ Ըստ այդմ, Երևանի գլխավոր նախագծի իրացման միջոցառումների շրջանակներում սկսվել են Շենգավիթ համայնքի գոտիավորման հատակագծի մշակման, Էրեբունի համայնքում էլ՝ առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև առաջնահերթ շինարարության ու կառուցապատման էսքիզների մշակման աշխատանքները։ Քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում, մասնավոր ներդրողների միջոցներով, անցած վեց ամիսներին իրացման ու կառուցապատման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել «Կոնդ», «33-րդ» («Ֆիրդուսանոց») թաղամասերում, ինչպես նաև Պուշկինի այգու հարակից տարածքում։
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Անդրադառնալով «Հողային օրենսգրքում» կատարված լուրջ փոփոխությանը, որը քաղաքացիներին իրավունք է տալիս գրանցել մինչև 2001 թվականի մայիս ամիսն իրենց սեփականությանը կից կառուցված լրացուցիչ տարածքները, Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ դա բավականին մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, քանի որ խոսքն ավելի քան 7 հազար սեփականատերերի մասին է։ «ՈՒզում եմ, որ բոլոր երևանցիներն իմանան, որ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին սեփականատերն իր սեփականության իրավունքը չի վավերացրել՝ մինչև 2001-ի մայիսը կառուցված շինության և դրան կից մինչև 300 քմ հողատարածքի նկատմամբ»,- ասաց քաղաքապետը, հավելելով, թե գործընթացը խստագույն վերահսկողության տակ է, և եթե որևէ մեկը հույս ունի գրանցել տալ 2001-ի մայիսից հետո կառուցված շինությունն ու դրան կից հողատարածքը, ապա չի հաջողելու, քանի որ քաղաքապետարանի ձեռքի տակ են բոլոր այդ շինությունների «տիեզերական» լուսանկարները, որոնք կցվելու են սեփականատերերից յուրաքանչյուրի «գործին»՝ որպես իրավական հիմք։
Քաղաքապետն անդրադարձավ նաև բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքներին, նշելով, որ միայն այս տարի մայրաքաղաքում նախատեսված էր 100 հեկտար լրացուցիչ կանաչ տարածքների հիմնում, որից 30 հեկտարը՝ անտառտնտեսության, 10-ը՝ համայնքների, մնացած 60-ը՝ քաղաքային իշխանությունների միջոցների հաշվին։ Ասվեց, որ գարնանը 60 հեկտար կանաչ տարածքներ արդեն ստեղծվել են, իսկ մինչև տարեվերջ 40 հեկտարով ևս կավելանա կանաչ զանգվածի մակերեսը։ «Մի քանի տարի հետո այդ տարածքների վրա կլինեն փարթամ, հասուն ծառեր»,- հավաստիացրեց Երվանդ Զախարյանը, ավելացնելով, որ մինչև տարեվերջ կունենանք մեկ երևանցու հաշվարկով 7,5 քառակուսի մետր կանաչ տարածք՝ 2003-ի 4,2 քմ-ի դիմաց։
ԽՈՇՈՐ ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ
Մանրամասն ներկայացնելով մյուս բոլոր հանձնարարականները, որոնք հնչեցին նախագահի՝ քաղաքապետարան կատարած այցի ընթացքում, Երվանդ Զախարյանն անդրադարձավ դրանցից թերևս կարևորագույնին, որին ամեն Աստծո օր առնչվում ենք բոլոր երևանցիներս։ Խոսքը քաղաքային տրանսպորտի մասին է։ «Հարց, որն այսօր, իրոք, անհանգստացնում է երևանցիներին և շատ հաճախ տեղիք է տալիս արդարացի դժգոհության,- ասաց քաղաքապետը։- Իրոք, իրավիճակն անհանգստացնող է, և քաղաքային իշխանությունների կողմից այսօր արվում է ամեն ինչ՝ այն թեթևացնելու ուղղությամբ։ Դժվար է հայտարարել, թե կարճ ժամանակահատվածում տրանսպորտի հետ կապված բոլոր խնդիրները կլուծենք, որովհետև դա բարդագույն խնդիր է՝ ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ աշխարհի բոլոր խոշոր մեգապոլիսների համար։ Այդ բարդությունները պայմանավորված են ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված տնտեսական զարգացման աճով, ինչի արդյունքում էլ ամեն տարի շուրջ 20 հազարով ավելանում է թեթև մարդատար ավտոմեքենաների թիվը։ Այս խնդրի վերաբերյալ էին հանրապետության նախագահի դիտողություններն ու պահանջները, որոնք գլոբալ առումով դրվեցին քաղաքային իշխանությունների առջև»։
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահի կողմից ամենայն լրջությամբ բարձրացվել էր ավտոկայանատեղերի հարցը, որն անմիջականորեն անդրադառնում է ինչպես երթևեկության, այնպես էլ տրանսպորտի ընդհանուր վիճակի վրա։ «Հատկապես ցերեկային ժամերին ավտոտրանսպորտի կայանման համար քաղաքում ուղղակի տեղ չկա։ ՈՒստի հարց դրվեց քաղաքային իշխանությունների առջև, որպեսզի մոտակա տարիներին շատ շտապ սկսվեն ավտոկայանատեղերի շինարարության աշխատանքները, դրանք լինեն ծրագրային ու շարունակական։ «Ռեյկո» ընկերության կողմից ներկայացվեց մի շարք հրապարակներում, այդ թվում՝ Շարլ Ազնավուրի, Ստեփան Շահումյանի, Օպերայի, Ֆրանսիայի հրապարակներում, «Էրեբունի» հյուրանոցին հարակից հրապարակում և մի շարք այլ տարածքներում, երկու-երեք հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու պատրաստակամություն, որն այս պահին քննարկման փուլում է։ Նպատակ ունենք էտապային շինարարություն ծավալել՝ տրանսպորտային և հետիոտն երթևեկությունը հնարավորինս չխոչընդոտելու, մեր համաքաղաքացիներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար»,- ընդգծեց քաղաքապետը։
«ԵՐԵՎԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Խորհրդակցության ժամանակ դա փաստել էր հանրապետության նախագահը՝ առանձնակի կարևորությամբ անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին, շեշտը դնելով բոլոր շինարարական աշխատանքները քաղաքի գլխավոր հատակագծի «մաղով անցկացնելու» հրամայականի վրա։ Հարց էր դրվել իսպառ վերջ դնել բոլոր շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվել են մայթեզրերի, կանաչ տարածքների, պուրակների հաշվին, այն հաշվարկով, որ Երևան քաղաքում շինարարության «զոհ» չդառնա և ոչ մի ծառ։ «Նախագահը քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրեց արդեն գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների արտաքին ճարտարապետական տեսքի պահպանման և դրանց շահագործման հետ կապված խնդիրների վրա»,- լրագրողներին իրազեկեց քաղաքապետը, հավելելով, թե խստիվ պետք է արգելել տասնամյակներով ձևավորված քաղաքաշինական ոճն ու ավանդույթները մասնավոր «սրբագրումների» ու ձևախեղումների ենթարկելու յուրաքանչյուր փորձ՝ ում կողմից էլ որ այն դրսևորվի։
Տասնամյակների ընթացքում «սնկի պես աճած» անօրինական կառույցներին անդրադառնալով՝ քաղաքապետը հայտարարեց, որ դրանք հատ առ հատ կգույքագրվեն։ «Այն բոլոր կրպակները, առևտրի կետերը, որոնք տեղադրվել են անօրինական ձևով, կապամոնտաժվեն, մնացածը կշահագործվեն այնքան ժամանակ, որքան սահմանված է վարձակալության մասին պայմանագրով, որից հետո քաղաքային իշխանությունները կանդրադառնան նաև դրանց հետագա ճակատագրին»։
Քաղաքապետը հիշեցրեց նաև երկրի ղեկավարի այն դիտարկումը, որ Երևանում աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով պետք է ձևավորել շինարարական նոր մշակույթ՝ առաջին դրված քարից մինչև ներքին հարդարման աշխատանքները, նախագծանախահաշվային փաստաթղթերից մինչև շինարարության ավարտական «ակտը»։ Ինչպես նախագահն էր պատկերավոր ասել, «Երևանը պետք է հարմար լինի ապրելու համար»։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 9986

Մեկնաբանություններ